2018 թվականի հուլիսի վերջին Թուրքմենաբադում՝ Թուրքմենստանի մեծությամբ երկրորդ քաղաքում, բացվել է լայն պրոֆիլի հիանալի մի բժշկական կենտրոն, որն այսօր ամենախոշորն է ամբողջ Կենտրոնական Ասիայում: Կենտրոնը նախատեսված է ինչպես տեղացիների, այնպես էլ արտասահմանից, մասնավորապես, Աֆղանստանից հիվանդների ընդունման համար:
Հսկայական պրոֆիլային համալիրը զբաղեցնում է ավելի քան 47 000 քառակուսի մետր, որին հարակից տեղակայված է խոշոր բնակելի զանգված բուժաշխատողների համար: Բժշկական կենտրոնում բացված է հոսպիտալ, աշխատում է ինֆեկցիոն հիվանդանոց և նույնիսկ կա հարթակ՝ նախատեսված սանիտարական ավիացիայի օդանավերի համար:
Հիմնական համալիրը բաղկացած է հինգ հարկերից: Այն կարող է տեղավորել 676 հիվանդ: Այստեղ կա առանձին վերակենդանացման բաժանմունք, նախատեսված են շտապ բուժօգնության, տրավմատոլոգիական և անհրաժեշտ այլ բաժանմունքներ:
Ընդարձակ ուղղաթիռային հարթակը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում գործարկել սանիտարական ուղղաթիռները: Համալիրում առկա են կապի ժամանակակից սարքավորումներ, որոնք նախատեսված են հիվանդների կարիքներին արագ արձագանքելու համար:
Նոր բժշկական համալիրը Թուրքմենաբադի ամենաժամանակակից և լավագույնս սարքավորված բժշկական հաստատությունն է: